Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության Բեյօղլու գավառի մարմնի նախագահի տեղակալ Բարըշ Թընայը պահանջել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից հեռացնել իրենց կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուի անունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով internethaber.com-ը, Թընայը հայազգի թեկնածու Սելինա Օզուզուն Դողանին մեղադրել է Հայոց ցեղասպանության քարոզչություն անելու մեջ:
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ հայազգի թեկնածուն լրատվականներին տված իր առաջին իսկ մեկնաբանություններում խոսում է Ցեղասպանության հարցի մասին, ինչը, ըստ Թընայի, պետք է անմիջապես հերքել: «Եթե այս կապակցությամբ որևէ բացատրություն կամ հերքում չարվի, ապա մեր կոչը կլինի և ջանքերը կուղղվեն, որպեսզի Սելինա Դողանը հեռացվի պատգամավորության թեկնածուությունից»,- նշել է ընդդիմադիր գործիչը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում առաջադրված հայազգի թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը' ապրիլի 24-ին կլինի Թաքսիմում, որտեղ անց են կացվելու հիշատակի միջոցառումները: «1915 թվականի ցավերը շարունակուվում են: Հետապնդումները ևս չեն դադարել: Այնքան ժամանակ, քանի դեռ կա ժխտողականության քաղաքականությունը, հետապնդումները չեն կարող դադարել»,- հավելել էր նա՝ սակայն «ցեղասպանություն» բառը շրջանցելով:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցեն Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենան 2 միլիոն 867 հազար 658 մարդ: