Ֆեթուլլահ Գյուլենի' Թուրքիայում եւ ԱՄՆ-ում գործող գաղափարակիցների համայնքը վերջին 8 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար 1,5 մլն դոլար է ծախսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր10» լրատվական կայքը' հղում կատարելով ամերիկյան Buzzfeed կայքին:
Նշվում է, որ 2007 թվականից սկսած Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականցնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 1,5 մլն դոլարի նվիրատվություն է կատարել: Նվիրատվություն ստացած անձանց շարքում նշված են այնպիսի անձինք, ինչպիսիք են ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ այլք:
Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչեւ վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից, որպես վտարանդի, բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները լարվել են անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են նրա որդու եւ դստեր մասնակցությամբ կառավարության անդամների միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ սկանդալից հետո Էրդողանը հայտարարել է, որ բացահայտումների համար մեղավոր է Գյուլենական համայնքը, որը ցանկանում է տապալել իր կառավարությունը: Էրդողանը նաեւ հրանանգել է Թուրքիայում փակել Գյուլենական համյանքին պատկանող բոլոր ուսումնական հաստատությունները, որին հետեւել են նաեւ Ադրբեջանն ու Ռուսաստանը: