Ֆեթուլլահ Գյուլենի՝ Թուրքիայում և ԱՄՆ-ում գործող գաղափարակիցների համայնքը վերջին 8 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար 1,5 մլն դոլար է ծախսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր10» լրատվական կայքը՝ հղում կատարելով ամերիկյան Buzzfeed կայքին:

 

Նշվում է, որ 2007 թվականից սկսած Գյուլենական համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգ իրականցնելու համար ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին 1,5 մլն դոլարի նվիրատվություն է կատարել: Նվիրատվություն ստացած անձանց շարքում նշված են այնպիսի անձինք, ինչպիսիք են ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այլք:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում Թուրքիայում:

 

Մինչև վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից, որպես վտարանդի, բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետևորդներ:

 

Էրդողանի և Գյուլենի միջև հարաբերությունները լարվել են անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են նրա որդու և դստեր մասնակցությամբ կառավարության անդամների միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները:

 

Այդ սկանդալից հետո Էրդողանը հայտարարել է, որ բացահայտումների համար մեղավոր է Գյուլենական համայնքը, որը ցանկանում է տապալել իր կառավարությունը: Էրդողանը նաև հրանանգել է Թուրքիայում փակել Գյուլենական համյանքին պատկանող բոլոր ուսումնական հաստատությունները, որին հետևել են նաև Ադրբեջանն ու Ռուսաստանը: