Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում ավելացել են այն քաջ մտավորականները, ովքեր, աչքի տակ ունենալով հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու հավանականությունն ու իրենց գործընկերների դաժան փորձառությունը, այդուհանդերձ ճշմարտությունն ասելը վեր են դասում ամեն տեսակ կաղապարներից: Նման մտավորականների թվին է դասվում Թուրքիայում բնակվող լազ գրող-բանաստեղծ Սերքան Էնգինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին' ճշմարտությունը վեր դասելով անգամ սեփական կյանքից:


-Ապրելով Թուրքիայում' Դուք ազատորեն խոսում եք Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ Թուրքիայում հայկական հարցի մասին թուրքական պետական դիրքորոշումը չարտահայտող անձինք մշտապես ենթարկվում են սպառնալիքների: Չեք վախենո՞ւմ, որ Ձեզ էլ կհալածեն կամ հետապնդումների կենթարկեն:

 

-Ես չեմ վախենում մահանալուց: Ի սկզբանե նկատի ունեցել եմ այդ ռիսկը: Ես պատրաստ եմ մահվան: Ես մեկն եմ, ով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր ճշմարտությունը: Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գրվածքների պատճառով կարող եմ Հրանտ Դինքի նման փողոցի մեջտեղում սպանվել կամ բանտ նետվել: Գրում եմ այս սպառնալիքներն աչքի տակ ունենալով: Բացի այդ, ստեղծագործություններումս խոսում եմ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ասորիների, քելդանիների, նեստորականների, պոնտոսյան հույների ցեղասպանությունների մասին:


-Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են Ձեր ստեղծագործություններն այս հարցում փոխել Թուրքիայում մեծացող նոր սերունդների հայացքները: Ապագայում հնարավո՞ր է, որ նրանք կոտրեն ներկայումս երկրում առկա կարծրատիպերը:

 

-Այո', նպատակս էլ հենց դա է. Հայոց ցեղասպանության և մեր թուրք նախնիների իրագործած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկել և ի ցույց դնել պաշտոնական գաղափարախոսության ստերը: Իհարկե, այս փոփոխությունը չի կարող լինել միայն իմ ստեղծագործություններով, սակայն եթե ես և ինձ նման պատվով և քաջ մտավորականները շարունակեն գրել, երիտասարդները, ովքեր թունավորվել են ֆաշիստական-քեմալական ռեժիմի ռասիստական կրթական համակարգով, կսկսեն նկատել իրականությունը… Գիտակցումը կառաջացնի կարեկցանք, իսկ կարեկցանքը կխորացնի մարդկային խիղճը… Կարծում եմ, որ ցեղասպանություններն ընդունել հնարավոր է միայն խորը խղճի առկայության պարագայում:


-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել:

 

-Դժբախտաբար, այս հարցում հիմնական դիրքորոշումը չի փոխվելու: Իրատեսական չի լինի սպասել այն բանին, որ վերջին պահին անակնկալ կերպով ժխտողականությանը վերջ տրվի:


-Ցանկություն ունե՞ք այցելել Հայաստան:

 

-Այո', շատ եմ ցանկանում գալ Հայաստան: Եթե որևէ հրավեր ստանամ, ուրախությամբ կգամ:

 

Հարցազրույցը' Արաքս Կասյանի