Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկում կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Այս մասին Հայաստանի ԳԱԱ տարեկան ընդհանուր նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' անդրադառնալով ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի դիտարկմանը, թե ակադեմիայի երիտասարդները դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի խնդիրներին լուծում տալու համար: «Ես խնդրում եմ' դուք հետևեք այսօրվա կառավարության նիստին, որի ժամանակ կարտահայտվի կառավարության վերաբերմունքն այդ օրենքին, և դուք կտեսնեք, որ կառավարությունն օրենքի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր է ձեռնարկում»,- ասաց նախագահը:

 

Անդրադառնալով ակադեմիկոսի դիտարկմանը, թե երկրում համատարած դժգոհություն է տիրում, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ եթե կառավարությունը, նախագահը շարժվեն միայն մարդկանց դժգոհություններով, առաջընթաց չի լինի: