Կուտակային պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի և տուգանքների կիրառման կասեցումն առաջին քայլն է խնդրի ամբողջական լուծման ճանապարհին: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհ եր Շահգելդյանի հարցին: «Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ պարտադիր վճարը չկատարած անձն ազատվում է պատասխանատվությունից, այսինքն' նրա նկատմամբ օրենքով նախատեսված տույժերը չեն կիրառվի մինչև սեպտեմբերի 30-ը, երբ արդեն պատրաստ կլինի նոր օրենսդրական փաթեթը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախագծի ընդունումից հետո պարտադիր վճարները չկատարելու դեպքում իրավական հետևաքներ չեն առաջանա:

 

Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչո՞ւ միանգամից մինչև սեպտեմբերի 30-ը չկասեցնել պարտադիր բաղադրիչը, Արտեմ Ասատրյանը նշեց, որ 127 հազար քաղաքացիների անուններով արդեն բացվել են հաշվիներ, ովքեր կատարել են կուտակային վճարներ և միգուցե հետո էլ կցանկանան մասնակցել: «Մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն այն քաղաքացիների կարծիքը, ովքեր խնդիրներ են տեսնում օրենքում, այլ այն քաղաքացիների, ում անունով արդեն բացված հաշիվներ կան»,- ասաց Ասատրյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները, որով դադարեցվում է պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել է, որ այս նախագծով «դե ֆակտո» կասեցվում է պարտադիր բաղադրիչը: