Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը կասեցնելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձին ազատել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: «Մենք ևս մեկ անգամ պետք է փաստենք, որ կենսաթոշակային բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են և շատ կարևոր նշանակություն ունեն: Սույն օրենքը պետք է դեռևս քննարկումների երկար փուլ անցնի, որպեսզի այն համապատասխանեցնենք ՀՀ Սահմանադրությանը: Այս նախագծով մենք կասեցնում ենք օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ այդ ընթացքում պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել այս օրենքը, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Ասատրյանը:
Նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտեցումները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ վարչապետի կարևոր ուղերձներից մեկն էր, որ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի նախագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը, ինչը նշանակում է, որ «դե ֆակտո» կասեցվում է նաև պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը խնդիրներ առաջացրեց, որոնց լուծման համար մենք պետք է նոր օրենսդրական փաթեթ մշակենք, որն ընդունելի պետք է լինի նաև հասարակության լայն շերտերի համար»,- ընդգծեց Ասատրյանը՝ հավելելով, որ այս խնդիրները հասարակության հետ լուծելու համար կառավարությունն առաջարկվող նախագծով առաջին քայլն է անում՝ ընդառաջելով հասարակության դժգոհություններին:
Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ մասնակցել ձևավորվող աշխատանքային խմբի աշխատանքներին, որպեսզի հնարավոր լինի լուծում տալ օրենքի հետ կապված բոլոր խնդիրներին, որոնք շարունակում են մնալ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը'անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: