Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին օրենքի նախագծով, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է, հունվարից մարտ կատարված պարտադիր վճարների վերահաշվարկ չի նախատաեսվում: Այս մասին պատգամավորների հարցերին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին' «ի՞նչ է նախատեսվում բոլոր այն աշխատողների ու գործատուների համար, ովքեր մինչև հիմա կատարել են պարտադիր վճաները և կցանկանային հետ վերադարձնել այդ գումարները, այս հարցի շուրջ որևէ կարգավորում մտցնո՞ւմ է օրենքի այս նախագիծը», Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Պետք է նկատի ունենանք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործածությունը կանոնակարգված է եղել օրենքով և այս ընթացքում կատարված վճարումները քաղաքացիների հաշիվներում են, դրանց ներդրումից ու կառավա րումից եկող գումարները ևս քաղաքացիներն են: Հետևաբար, կատարված պարտադիր վճարները ոչ կորչում են, ոչ էլ աննպատակային են, դրանք ուղղված են քաղաքացիների կենսաթոշակային ապահովության խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արտեմ Ասատրյանը' հավելելով, որ գումարների վերահաշվարկի հարցը լուծում կստանա ընդունվելիք ամբողջական օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հարցին էլ' «եթե ապրիլից մինչև սեպտեմբեր գումարները չփոխանցենք, հետագայում չեն ասի' օրենքը չեք կատարել», նախարարի պաշտոնակատարն ասաց' ոչ:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ոչ իշխանական չորս կուսակցությունները նախնական պայմանավորվածություն ունեն արտահերթ նիստով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ամբողջական կարգավորուման փաթեթ ներկայացնել: «Ես կցանկանայի իմանալ կառավարության տեսակետը, արդյոք, հնարավոր համարում եք այս նախագիծն ընդլայնել և միանգամից համատեղ նախագծով հանդես գալ»,-հարցրեց պատգամավորը:

 

Հարցին ի պատասխան' Արտեմ Ասատրյանն ասաց. «Այս ընթացքում մենք փորձեցինք քննարկել այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր քննարկումների ժամանակ ու դուրս բերել ընդունելի մոտեցումները, հետևաբար, նաև լրացուցիչ կարգավորումներ մտցնել:

 

Առաջարկություններն ավելի մոտեցնում են դեպի նոր մոդելի ներդրման գաղափարին: Այսօր այս ձևաչափով իրականացնում ենք մի քայլ, որը մեր պատկերացմամբ կլուծի հասարակության տեսանկյունից առարկայական խնդիրները, ինչը ժամանակ կտա համատեղ աշխատելու այն բոլոր խնդիրների վրա, որոնք արձանագրել է ոչ միայն Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, այլև այս ընթացքում մեր աշխատանքի արդյունքում է վեր հանվել»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Ապրիլի 25-ին կայացավ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 19-րդ նիստը, որի օրակարգում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագիծը: