Առանց պարտադիր բաղադրիչի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն անիմաստ է, իսկ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Պարտադիր բաղադրիչը լինելու է, այստեղ հարցը նրանում է, թե մենք ինչպես ենք դա իրականացնելու, որովհետև առանց այդ պարտադիր բաղադրիչի օրենքն անիմաստ է դառնում»,- ասաց Ջավադյանը:

 

Ջավադյանն ընդգծեց, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վրա աշխատել են լավագույն մասնագետները թե′ Հայաստանից, թե′ արտերկրից: «Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը ցույց տվեց, որ օրենքում բացեր կան, որոնք մենք պետք է լրացնենք: Խոսքը ոչ թե պարտադիր բաղադրիչի վերացման, այլ դրա վերանայման մասին է: Ես խոստանում եմ, որ մենք համատեղ աշխատանքի արդյունքում կանենք այնպես, որպեսզի օրենքը լիովին համապատասխանի Սահմանադրությանը»,- նշեց ԿԲ նախագահի թեկնածուն:

 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ ԿԲ նախագահի նշանակման հարցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը, ով վերջին 6 տարին զբաղեցրել է այդ պաշտոնը:

 

Դիտվել է 145 անգամ: