ՀՀ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով մարտի 28-ին սկսում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ գործի քննությունը: ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա' ՍԴ-ը քննության է առնելու նշյալ օր ենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

 

Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների սահմանադրականության քննության ժամանակ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կներկայացնեն ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Մերի Խաչատրյանը:
ԱԺ-ը ՍԴ-ում կներկայացնի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

 

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ՍԴ-ում կներկայացնեն ՀՀ կառավարությանը: ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնեն ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը և ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

 

Նախապես հայտարարվել է, որ ՍԴ-ի գործի քննությունն ուղիղ հեռարձակումով սփռվելու է' կապված հանրության ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքով:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչին դեմ «Դեմ եմ» նախաձեռնությունն էլ լուռ ակցիա կանցկացնի Սահմանադրական դատարանի դիմաց' կոչ անելով դրսևորել անաչառություն:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

 

ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: