ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար սկզբունքների քննարկումները։ Օրակարգային հերթական թեման դեղերի գների պետական կարգավորման դրույթին է վերաբերել:
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը և փոխտնօրեններ Լիլիթ Ղազարյանն ու Ալբերտ Սահակյանը ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներում դեղերի գնի կարգավորման մեխանիզմները։ Նշվել է, որ եվրոպական բոլոր երկրներում պետությունը կարգավորում է դեղերի գները։ Օրինակ, բավական բարձր կենսամակարդակ ունեցող Ավստրիան կարգավորում է երկրում գրանցված բոլոր դեղերի գները։ Շատ երկրներում կարգավորվում են միայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը, որոնք անհրաժեշտ են բնակչության առողջապահական առաջնային կարիքները բավարարելու համար: Դրան հակառակ, ԱՄՆ-ում դեղի շուկան լիովին ազատականացված է և պետությունը որևէ կերպ չի միջամտում դեղերի գնագոյացմանը։ Փոխարենն ինչպես այս, այնպես էլ եվրոպական երկրներում, դեղերի գինը փոխհատուցվում է պետական պարտադիր կամ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից։
Դեղերի գնի կարգավորման տարբեր մեխանիզմներ ու մոտեցումներ են կիրառվում. շատ տեղերում գործում է ռեֆերենս գնի հաստատման մեխանիզմը։ Երկիր մտնելիս' դեռ սահմանի վրա, ֆիքսվում է դեղի գինը' հիմք ընդունելով նույն կենսամակարդակի կամ աշխարհագրորեն մոտ 2-7 երկրի միջին գինը։ ԱՊՀ երկրներից միայն Ղրղըզստանը, Տաջիկստանը և Հայաստանը որևէ կերպ չեն կարգավորում դեղերի գները։ Հայաստանում տարեկան ավելի քան 2,5 մլրդ դրամի արժողությամբ 41 անուն դեղորայք ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով և անհատույց բաշխվում ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված, ինչպես նաև, անկախ սոցիալական կարգավիճակից, ՀՀ կառավարության կողմից հաստատված առանձին հիվանդություններով տառապող մարդկանց։ Միաժամանակ տարեկան մոտ 1,3 մլրդ դրամի դեղորայք անվճար կամ արտոնյալ պայմաններով բաշխվում է առողջության պահպանման առաջնային օղակում:
Նոր նախագծով առաջարկվում է ինչպես մեծածախ և(կամ) մանրածախ ավելագների առավելագույն դրույքաչափերի սահմանում, այնպես էլ ռեֆերենս գնի սկզբունքի կիրառում, որոնք օրենքի ընդունումից հետո կհաստատվեն կառավարության կողմից: Քննարկման ընթացքում կրկին հնչել է այն կարծիքը, որ դեղերի զուգահեռ ներմուծման կիրառումը հնարավորություն կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների դեմ:
Կարևորելով գների մատչելիությունը' նախարար Մուրադյանն ընդգծել է, որ չպետք է մոռանալ դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման մասին: Նա շեշտել է, որ կուժեղացվի վերահսկողությունը։
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված դրույթները քննարկվել են նաև «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» և դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: