Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ միություն) նամակ է հղել ՀՀ Նախագահին և վարչապետին՝ խնդրելով հետաձգել ՀՀ կառավարության հունիսի 12-ի նիստում հավանության արժանացած և ԱԺ հունիսի 21-ի արտահերթ նիստում ընդունված 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Դրանով վիտամինները, պատվաստանյութերը և դեղերը ներառվել են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում:

 

Այդ մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Միությունում գտնում են, որ ներմուծողների կողմից դեղերի դրոշմավորումը կպահանջի մեծ ծախսեր դրոշմավորման տարածքների ստեղծման և այնտեղ համապատասխան պայմանների ապահովման, դրոշմավորման գործընթացի կազմակերպման և աշխատավարձի վճարման համար, ինչը կհանգեցնի դեղերի թանկացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսին տեղեկացրեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ դեղերի դրոշմավորման հարցի առնչությամբ անհրաժեշտ է լուծումներ գտնել՝ դեղագործական ոլորտի կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու ճանապարհով։

 

Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում դեղամիջոցները համարվում են հատուկ արտադրատեսակ և արտադրվում, բաշխվում, ներմուծվում են հատուկ կարգավորումներին համապատասխան:

 

Զաքարյանի խոսքով՝ Հայաստան ներմուծվող և երկրում շրջանառվող դեղամիջոցների շուկան կայացած է, համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջներին և միջազգային չափանիշներին՝ խիստ կարգավորված լինելով ՀՀ գործող օրենքներով, որոնց կիրարկումը հավուր պատշաճի իրականացվում է մաքսային ծառայությունների կողմից. դեղերի բոլոր փաթեթվածքները՝ ընդհուպ մինչև ցանկացած սրվակ, գրանցվում են նշված ծառայությունում:

 

Բացի այդ, բոլոր դեղերը պահպանվում են հատուկ դրանց համար նախատեսված, հատուկ ջերմաստիճանի պայմաններ ապահով ող մաքսային պահեստներում, որտեղ դեղերը գտնվում են անընդհատ մշտադիտարկման տակ։

 

Զաքարյանը մանրամասնեց, որ դեղերի դրոշմավորմանը վերաբերող օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելու դեպքում միայն առաջին հինգ խոշոր ներմուծողները (Հայաստան դեղ է ներմուծում շուրջ 170 սուբյեկտ) ստիպված կլինեն ավելացնել 3000քմ-ից ավելի մակերեսով դրոշմավորման պահեստային տարածքներ, որոնք պետք է ապահովված լինեն դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանի և այլ պայմանների մշտական ապահովման ենթակառուցվածներով։

 

Մյուս կողմից, դեղերի խոշոր ներմուծողների միայն առաջին հնգյակի համար կարիք կլինի 300-ից ավելի աշխատողի լրացուցիչ աշխատավարձային ծախս՝ մեկ աշխատողի համար ամսական միջին հաշվով 110 հազար դրամի չափով: Բացի այդ, դեղերը ՀՀ են ներմուծվում փոքր խմբաքանակներով, տարբեր չափերի, տեսակների և ձևերի փաթեթավորմամբ։

 

Ուստի, դրոշմավորման գործընթացը հնարավոր չի լինի մեքենայացնել և Հայաստան ներմուծվող տարեկան 200 մլն փաթեթվածքից ավելի դեղամիջոցները պետք է դրոշմավորվեն ձեռքով։ Փաթեթները բացելուց և դրոշմավորելուց հետո առաջ է գալիս սխալ վերափաթեթավորման , փաթեթվածքի վնասման ռիսկը, որը հետագա բաշխման ժամանակ կարող է պատճառ դառնալ ավելի լուրջ հետևանքների և խախտումների։

 

Բացի այդ, դրոշմավորումն անհնար կդարձնի դեղահատերով դեղի վաճառքը, քանի որ հետագայում օտարվող դեղամիջոցը պետք է պարտադիր դրոշմավորված լինի։