«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանառության մեջ դրվելուց հետո, մի քանի անգամ ավելացել է ԴԱՀԿ-ի կողմից բանկերին ուղարկվող պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված բանկերին ուղղվող էլեկտրոնային հաղորդագրությունների թվաքանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ս. թ. հուլիսի 10-ին մի շարք ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ:

 

Համաձայն այդ լրացումների, «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվը սպասարկող բանկը պարտավոր է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը»:

 

Մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բնակչությունը իր դժգոհությունն է ուղղում բանկերին, երբ բանկերը որևիցե կապ չունեն այդ հարցերի լուծման հետ: Մասնավորապես, պարտապանների մի մասը ծանուցված չլինելով իրենց նկատմամբ կիրառված վարչական տուգանքի մասին, հնարավորություն չեն ունենում նախապես՝ մինչև իրենց բանկային հաշիվների վրա արգելանք դնելը, վճարել վարչական ակտով սահմանված տուգանքը, որն էլ իր հերթին արդարացի բողոքի հիմք է հանդիսանում:

 

Բացի այդ, հաշիվներից արգելանքը հանելու հետ կապված գործընթացում ԴԱՀԿ-ի կողմից կատարվող որոշակի գոր ծողությունների ժամկետները ևս հաճախորդների մոտ դժգոհությունների տեղիք են տալիս:

 

Փաստում ենք, որ վերջերս ԴԱՀԿ-ի կողմից բանկերին ուղարկվող պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու հետ կապված բանկերին ուղղվող էլեկտրոնային հաղորդագրությունների թվաքանակը վերջին ժամանակներում օրական 300-400 հաղորդագրություններից հասել է մինչև օրական 10 հազարի և դեռևս հաղորդագրությունների քանակի աճի միտումները պահպանվում են:

 

Ակնհայտ է, որ այս գործառույթը որևէ կապ չունի բանկերի հիմնական գործունեության հետ, սակայն այն իրականացնելու համար բանկերից պահանջվում է մարդկային, ծրագրային և ֆինանսական մեծ ռեսուրսներ:

 

Այդ առիթով Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է.

 

Բանկերը մշտապես եղել են և կան կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և գործառույթների իրականացման համար լավագույն գործընկերներից մեկը, մշտապես իրենց վրա կրել ենք սոցիալական պատասխանատվություն և իրենց նպաստն են ունեցել տարատեսակ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Այս դեպքում ևս, բանկերը պատրաստակամ են ԴԱՀԿ-ին օգնելու իր գործառույթը կատարելու համար: Սակայն, կարիք կա օրենքի նախագծում բազմակողմանի անդրադարձ կատարել նաև բանկերի կողմից բարձրացվող խնդիրներին»: