Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Տարբեր ուս ումնասիրություններ են կատարվել հասկանալու նպատակով, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,-նշեց նախարարը:

 

Նա ասաց, որ կենսաթոշակը հիմնականում երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Նախարարի խոսքով, ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով: