Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համոզված է, որ մարդկանց տեղեկացվածության բարձրացումը կնպաստի գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

«Մեր քաղաքացիների տեղեկացվածությունն ու իրենց իրավունքների իրացմանը հետևողական լինելը մի փաստից է ելնում' մեր մեծ ցանկությունից, որ սոցիալական ծրագրերին ուղղված մինչև վերջին լուման հասնի նրանց: Դրա համար էլ կարևորում ենք մեր քաղաքացիների ներգրավվածությունը դրանցում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նման կարծիք նախարարն արտահայտեց տարեվերջյան ասուլիսի ժամանակ:

 

Հիշելով 2014 թվականին նախարարության կողմից առաջարկված օրենքները, որոնք հանրային լայն քննարկման առիթ դարձան' Արտեմ Ասատրյանը նշեց, որ կարևոր է, երբ լուծումների փնտրտուքին մասնակից է դառնում հանրությունը: «Մենք քննարկումների կազմակերպման մշակույթի խնդիր ունենք: Բայց այստեղ կարևոր է ամենատարբեր ձևաչափերով քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը:

 

Հանրությունը պետք է պատրաստ լինի այն քննարկումներին, որոնք ոչ թե պետք է զուտ շահարկումների և ժողովրդահաճո եզրույթների տեղիք տան, այլ խնդիրների լուծմանը տանեն, քանի որ որևէ մեկը չի կարող մտածել մեր քաղաքացիների, սոցիալապես անապահով, խոցելի բնակիչների մասին, քան մենք: Մենք ենք պատասխանատու այդ խնդիրների լուծման համար և մեր բոլոր գործերը ուղղում ենք դրան: 2014 թվականը լավ նախադրյալներ է ստեղծել, որ համակարգաստեղծ աշխատանքներն իրականացվեն ու շարունակություն ունենան նաև 2015-ին»,- հավելեց Արտեմ Ասատրյանը:

 

Նա անդրադարձավ նաև նախարարության 114 հեռախոսահամարով թեժ գծի գործունեությանը' նշելով, որ դրա միջոցով լուրջ խնդիրներ են լուծվում: