Երեկ Աժ -ում լրագրողների հետ  զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով շարունակվող գնաճին, նշեց, որ այն գլոբալ երեւույթ է, շարունակվելու է մինչեւ տարվա վերջ եւ նաեւ 2023 թվականին:  Նա նշեց նաև, որ  նախարարությունը չունի եւ չի ունեցել գնաճը զսպելու գործիքակազմ, և որ այս հարցի հասցեատերն ավելի շուտ Կենտրոնական բանկն է, գնաճի զսպման հարցը ԿԲ-ի տիրույթում է:

Այս հարցի շուրջ  մասնագիտական կարծիք լսելու  նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ: Նրա խոսքով՝  Կենտրոնական բանկն ունի  որոշակի մասնակցություն  և կարող է ազդեցություն ունենալ գների վրա, այդ թվում՝ դրանց  զսպման, բայց  ԿԲ-ն պատասխանատուն է ոչ թե գնաճի  զսպման, այլ գների կայունության համար, որոնք տարբեր հասկացություններ են: 

 

«Որպես տնտեսագետ՝ իմ խորին համոզմամբ, Կենտրոնական բանկն իրենից կախված  հնարավորն անում է  գների կայունությունն ապահովելու համար: Գնաճ զսպելը՝ որպես այդպիսին, նրա  լայն գործառույթը չի կարող լինել, որովհետև գների վրա ազդեցություն ունեն մի քանի տասնյակ գործոններ:   Օրինակ, եթե սպառողական շուկայում որևէ մեկը կամ մի խումբ մարդիկ փորձեն ինտերվենցիաներ անել կամ վերավաճառք իրականացնել, գներ թելադրել, ինչը արվում է, Կենտրոնական բանկն  այստեղ  անելիք չունի: Կան ապրանքներ, որ մինչև անգամ  տասնապատիկ բարձր գներով են վաճառվում,  մինչդեռ կառավարությունը բազմաթիվ լծակներ ունի, որոնցով կարող է և պետք է անպայման ներազդի այդ գործընթացների վրա: Խոսքը  ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի մաիսն է»,-իր խոսքում նշեց տնտեսագետը:

 
 

Թ. Մանասերյանի  պնդմամբ՝ հատկապես  ներմուծվող ապրանքների պարագայում առկա է այն երևույթը, որ  դրանք մի գնով հայտարարագրվում, բերվում են և  բազմապատիկ ավելի բարձր գներով վաճառվում:  Նրա խոսքով՝ շահույթ ստանալը  նորմալ երևույթ է, բայց այստեղ խոսքը սպառողների հաշվին գերշահույթների  ստացման մասին է,  և որ վաղուց ժամանակն է մտածելու այդ գերշահույթները կանխելու մասին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շատ լուրջ գործառույթ ունի գնաճի զսպման առումով, և ընդհանրապես, Կառավարությանն առընթեր կառույցները պետք է թիմային աշխատանք տանեն այս ուղղությամբ, չմոռանանք վերահսկողական ծառայության մասին, որն  իր հստակ գործառույթներն ունի: Այսինքն՝ պետության  կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները պետք է պատշաճ  կերպով իրականանացվեն, ի հայտ բերվեն չարաշահումները և զսպվեն»,-հավելեց նա: 

Նրա խոսքով՝ նախարարությունն ունի  հասարակության խոցելի հատվածի բազա, կարելի է ինդեքսավորել այն մասին, որը հատկապես  չի հասցնում պարենային զամբյուղը ձեռք բերել և սուբսիդավորման կամ սննդային կտրոնների տրամադրման տարբերակով աջակցել: Ըստ նրա՝ պետական  բյուջեն թույլ չի տա բարձրացնել բոլորի թոշակները, նաև դրա համար երկար ժամանակ ու գործընթացներ կպահանջվեն: 

 

Տնտեսագետը կարևորեց նաև  երիկտասարդների համար  աշխատատեղերի ստեղծումը,  որ վերջիններս  մնան երկրում, աշխատեն և հարկեր վճարեն: Նրա խոսքով՝  իր ղեկավարած «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից առաջարկի փաթեթ է  մշակվել և ուղարկվել  ՀՀ Աժ: 

 
 

Փորձելով գնահատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքը՝ նա նշեց. 

 

«Եթե պրոֆեսիոնալ, պրագմատիկ տեսանկյունից գնահատեմ նախարարության աշխատանքը, ապա պետք է գնահատեմ  անբավարար, կարող է  էթիկապես լավ չհնչի, բայց պետք է  նշեմ, որ նախարարության անվան մեջ կա աշխատանք բառը, իսկ այդ  մասով լրիվ անբավարար աշխատանք է կատարվում:

Ես պատրաստ եմ աջակցել իմ մասնագիտական գիտելիքներով  ու փորձով, սակայն, ներկայիս կառավարությունը վաղուց փաստել է, որ նավաստիների կառավարություն է և օգնության կարիք չունի»,-եզրափակեց նա: