Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 2-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետին ամփոփ զեկուցելով նախարարության ընթացիկ ծրագրերի մասին՝ նախարար Արտեմ Ասատրյանը խոսքը փոխանցել է իր տեղակալներին, ովքեր ներկայացրել են տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները, խնդիրները, անելիքներն ու ակնկալվող արդյունքները:
Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ներկայացրել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բարեփոխումների շրջանակում առաջարկվող մոտեցումները: Անդրադառնալով ներկայիս ցուցանիշներին՝ նա նշել է, որ փորձագիտական տարբեր գնահատականներով՝ համակարգի արդյունավետությունը կազմում է 75-77 տոկոս, և մարդկանց որոշակի խումբ, որը կարիքավոր չէ, օգտվում է այդ համակարգից: Նախատեսվող բարեփոխումն ուղղված է կարիքավորության գնահատման համակարգի հասցեականության բարձրացմանը և կատարելագործմանը:
Վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով խնդրին, նախևառաջ կարևորել է դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը և թվայնացումը: «Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում: Առաջին քայլը, որ պետք է անենք, պետական միջոցները տնտեսելն է՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի, այլ բաշխման հասցեականության բարձրացման հաշվին: Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար. «Ներկայացրեք համակարգ, թե որ օղակից ինչ տեղեկատվություն ինչ բանաձևով ստանալու դեպքում կարող ենք լրացուցիչ գնահատականներ ունենալ և վերլուծություն անել, որի հիման վրա արդյունքները կարող են փոխվել»:
Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ ոլորտում իրականացվող և շահառուների մեծ շրջանակ ունեցող 84-ից ավելի ծրագրի վրա ծախսվում է պետական բյուջեի միջոցների շուրջ 30 տոկոսը, և նոր՝ ավելի ամբողջական համակարգի ներդրման նպատակը սոցիալական պաշտպանության քաղաքականության առաջնահերթությունների հստակ սահմանումն է, ծրագրերի համակարգային գնահատումը, հասցեականության և ֆինանսական արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, տեղեկատվական համակարգերի զարգացումը և այլն: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ նախատեսվում է համակարգը ներդնել մինչև 2019-2020 թվականները:
Ընդգծելով, որ համակարգը պետք է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովի, և բարեփոխումը պետք է հնարավորինս արագ իրականացնել՝ արդյունք ստանալու համար՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կրճատել ժամկետները:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը ներկայացրել է վերակազմավորման գործողությունների պլանը: Նրա խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված այս ծրագիրը պիլոտային իրականացվելու է Լոռու մարզում: Ծրագիրը ծախսարդյունավետ է, որովհետև հնարավորություն է ստեղծվում նույն գումարով, որն այս պահի դրությամբ ծախսվում է գիշերօթիկ հաստատություններում ու մանկատներում երեխաների խնամքը կազմակերպելու համար, ունենալ այլընտրանքային ծառայություններ, որոնք հնարավորություն կտան երեխաներին մեծանալ ընտանիքներում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ուժեղացման, իրենց կենսաբանական ընտանիքներ երեխաների վերադարձի կազմակերպման, փոքր ընտանեկան տիպի տների ստեղծման և այլ եղանակներով: Նախատեսվում է, որ մինչև 2017 թ. ավարտը 6 գիշերօթիկ հաստատությունները պետք է վերակազմավորվեն ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների: Ողջունելով կատարվող աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Եթե իրականում կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, այլ իր ընտանիքում, շատ լավ կլինի»:
Վարչապետին զեկուցվել է նաև բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի նոր մոդելի ներդրման, կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների նշանակման ու վճարման ապահովման համակարգի գործառնության և առկա խնդիրների լուծման, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության և կառավարման արդյունավետության բարձրացման, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման, պրոթեզաօրթոպեդիկ ծառայությունների որակի բարելավման և այլ ուղղություններով նախարարության կողմից տարվող աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ: