ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետական բյուջեից տրամադրվող միջոցներն աճելու են 34 մլրդ 748 մլն դրամով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
«Նախարարությանը հատկացված բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն 700 հազար դրամ: Այն նախորդ տարվա համեմատ աճելու է 34 մլրդ 748 մլն դրամով, 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 404 մլրդ 300 մլն դրամ»,-ասաց Մանուկյանը:
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրով հաջորդ տարվա բյուջեից կտրամադրվի 37 մլրդ 744 մլն դրամ: 2018-ին այդ գումարը կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ, այսինքն՝ ծախսերի նվազում է ակնկալվում:
Փոխնախարարը նշեց, որ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովելու ծախսը կկազմի 10 մլրդ 619 մլն դրամ։ 2018-ի համեմատ այդ չափը պահպանվել է նույնությամբ: