ՀՀ 2015թ. բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն: Նման կարծիք նոյեմբերի 5-ին, լրագրողների հանդիպմանը հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

 

«Հաշվի առնելով երկրում գործազրկության մակարդակը, որը բավականին բարձր է և կազմում է 18,6 %, աղքատության բարձր մակարդակը, նաև տրանսֆերների ծավալի նվազման և միգրանտների վերադարձի մասին կանխատեսումները, հնարավոր է, որ Հայաստանում նոր աղքատության մակարդակն աճի: Այդ առումով քաղաքացիների պաշտպանության համար սոցիալական ուղվածության ծրագրերի խթանումը կամ նպաստների տրամադրումը համարում եմ տրամաբանական»,- նշեց Գագիկ Մակարյանը:

 

Խոսելով ընտանեկան և սահմանամերձ գոտիներում բիզնեսը հարկերից ազատելու վերաբերյալ՝ ՀԳՀՄ նախագահը նկատեց, որ ընտանեկան բիզնեսի' մինչև 45 հազար դոլարին համարժեք դրամի սահմաններում տարեկան շրջանառության դեպքում հարկերից ազատելն ավելի շատ նպատակ ունի որոշակիորեն լուծել բնակչության զբաղվածության խնդրի մի մասը, քան բյուջե մուտքեր ապահովելը:

 

«Սահմանամերձ գոտիներում գործարարությամբ զբաղվելը կունենա ավելի շուտ միգրացիան կանխարգելելու և տեղերում աշխատատեղեր ստեղծելու նշանակություն: Փաստորեն, պետությունը որոշակիորեն հրաժարվելով տնտեսական մասից, նախապատվություն է տվել սոցիալական ծրագրերին», - հավելեց Գագիկ Մակարյանը:

 

Խոսելով պետբյուջեի նախագծի շրջանակներում սոցիալական այլ խնդիրների լուծման համար հատկացված գումարների մասին՝ Գագիկ Մակարյանը նկատեց, թե կցանկանար, որ այդ ոլորտ ավելի շատ գումարներ ուղղվեին, սակայն համոզմունք հայտնեց, որ պետությունը ավելի զգուշավոր է և գիտակցում է, որ գործունեության որոշ տեսակներ ստվերային դաշտից հանելը դժվարին գործ է:

 

«Հայաստանում, օպտիմալ հաշվարկներով, մեկ միլիոն դոլարի ստվեր է առկա, հետևաբար, մենք կարող էինք ունենալ մեծ ներուժ, որը կուղղվեր սոցիալական և բիզնես ծրագրերի իրականացմանը, որոնք կարող էին ավելի նորարական բնույթ ունենալ»,- ընդգծեց Մակարյանը:

 

2015թ. պետական բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2015թ. պետական բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, կազմում են սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերը:

 

Ներկա պահին խորհրդարանի համատեղ հանձնաժողովների նիստերը բյուջեյի վերաբերյալ ավարտվել են, իսկ վերջնական քվեարկությունը ԱԺ-ում ակնկալվում է անցկացնել սույն թվականի դեկտեմբերին: