Գյումրու ավագանին դեկտեմբերի 12-ին, 2014 թվականի վերջին նիստի ժամանակ հաստատեց քաղաքի հաջորդ տարվա բյուջեն: Գյումրու 2015 թվականի բյուջեն, որը քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարեց սոցիալական՝ կկազմի 3 մլդ 234 մլն 729 հազար դրամ: Բյուջեում ընդգրկված են համայնքի կողմից հաջորդ տարի իրականացվելիք բոլոր աշխատանքների ծախսերը:

 

Ինչպես տեղեկացրեց Սամվել Բալասանյանը, բյուջեն հավասարակշռված և հիմնավորված է:

Բյուջեի նախագծի հասատմանը, որպես բողոք, չմասնակցեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ բյուջեի նախագիծը, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, պետք է ներկայացվեր հանրային քննարկման, ինչը չի արվել՝ հակասելով օրենքին: Ավագանու մյուս անդամները միաձայն կողմ քվեարկեցին բյուջեին:

 

Ներկայացնելով 2014 թվականի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ այն աննախադեպ է. արդեն իսկ արձանագրվել է 95.2% ցուցանիշ, իսկ մինչև արդյուքների ամփոփումը դեռ կա 14 օր, և այդ ցուցանիշը, ըստ Սամվել Բալասանյանի, կհասնի 100%-ի:

 

Ավագանին քննարկեց և հաստատեց ևս 29 օրակարգային և 3 լրացուցիչ հարց, այդ թվում' անապահով ընտանիքներին դրամական օգնություն, քաղաքում գործող տարբեր հասարակական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու, առավել բարձր արդյունքների հասած գյումրեցի մարզիկների մարզիչներին պարգևներ շնորհելու մասին:

 

Մեկ այլ որոշմամբ՝ ավագանին հաստատեց քաղաքում Սայաթ-Նովայի արձանը տեղադրելու համար 7 մլն դրամ հատկացնելու, Գյումրու տարբեր թաղամասերում ամանորյա միջոցառումների անցկացման համար 2 մլն դրամ հատկացնելու առաջարկները:

 

Արմենուհի Մխոյան