Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ սեպտեմբերի 6-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հետ կապված հարցեր: Վարչապետի խոսքով' բյուջետային ընդհանուր քաղաքականությունը մնալու է նույնը, քննարկվելիք միջնաժամկետ ծրագրերն ուղեցույց են հանդիսանալու բյուջեի ձևավորման համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով' ըստ ոլորտների ներկայացված բոլոր ծրագրերը հիմնականում համահունչ են կառավարության ծրագրին: Ըստ նրա' 2015 թ. եկամուտները նախատեսվածից պակաս կլինեն' պայմանավորված ՀՀ-ից տրամադրվող ամենամյա միջպետական վարկի նվազմամբ:

 

Գալիք տարվա պետական բյուջեն կրկին ունենալու է սոցիալական ուղղվածություն: Տարեցտարի միայն աշխատավարձերի և թոշակների 10-18 տոկոս բարձր ացման համար բյուջեից ավելի քան 6մլրդ դրամ է հատկացվելու:

 

Վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին կոչ է արել գալիք տարվա պետական բյուջեի պլանավորման ընթացքում նոր ծրագրեր չներկայացնել: Հարությունյանը առաջարկել է դրանք ընդգրկել հաջորդ բյուջետային տարում, քանի որ 2016 թվականից կանխատեսվում է հանքաարդյունաբերության հաշվին սեփական եկամուտների ծավալների աճ: Կառավարության ղեկավարն կոչ է արել նաև հնարավորինս կրճատել դեֆիցիտը և գալիք տարվա բյուջեի ծախսային մասը ձևավորել մոտ 86 մլրդ դրամի շրջանակներում:

 

Բացառությամբ սոցիալական ծրագրերի, ըստ առաջնահերթության՝ կվերանայվեն մի շարք ոլորտների այլ ծրագրեր: