Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող իրավական նորմերը գործելու են: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան նշեց ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

 

Հարցին, թե ինչ է նշանակում, որ օրենքի որոշ հոդվածները հակասահմանադրական են, Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Դա կարող է նշանակել մեկ բան. ենթադրենք' ինչ-որ մի լիազորություն տրված է կառավարությանը, բայց դա պետք է արվի օրենքով: Ենթադրենք' այդ գումարների պաշտպանվածությունը, կառավարման հետ կապված որոշակի պատասխանատվություն պետք է սահմանված լինի ոչ թե, ենթադրենք, Կենտրոնական բանկի որոշումով, այլ օրենքով, եթե ոչ, ապա դա դիտվում է հակասահմանադրական: Այդ տեսանկյունից օրենքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ հիմնական գործընթացը, որը պետք է այժմ ակնկալել, այն է, որ ՀՀ կառավարությունը կնախապատրաստի օրենքում փոփոխությունների նախագիծ:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն' Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: