Բոլոր այն խնդիրները, որոնք Սահմանադրական դատարանը տեսել էր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում, օրենսդրական նոր փաթեթով կարգավորված են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենսդրական փաթեթը ՍԴ-ում վիճարկելու քառյակի որոշմանը: «Ես տեղյակ եմ, որ քառյակը որոշել է կրկին վիճարկել օրենքը: Մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Կարծում եմ՝ կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ լուծել է բոլոր խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը:

 

Հարցին, թե կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքում հակասահմանադրական դրույթներ չկա՞ն, նախարարը կրկին նույն պատասխանը տվեց՝ ընդունված օրենսդրական փաթեթով բոլոր խնդիրները կարգավորված են:

 

Անդրադառնալով երիտասարդ դասախոսներին, ովքեր սոցիալական պարտադիր վճարների պատճառով բուհերից լքելու դիմումներ են գրում, Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ վարչապետը ֆինանսների նախարարությանը հանձանարարել է խնդրի կարգավորման տարբերակներն ուսումնասիրել, և հիմա աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու համար: