Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մշակվել է 10 տարիների ընթացքում, և հաշվի են առնվել բոլոր հնարավոր մարտահրավերները: Այս մասին Ւնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակից Արամայիս Շահբեկյանը:

 

«Մի մտածեք, որ նրանք ովքեր մշակել են այս բարեփոխումը, չեն շարժվել այն մտածելակերպով, որով դուք եք առաջնորդվում երկարաժամկետ խնայողություններ կատարելիս: Բարեփոխումը մշակվել է երկար տարիներ, և հաշվի են առնված բոլոր մարտահրավերները, իսկ եթե լինեն մարտահրավերներ, որոնք, միգուցե, հաշվի չեն առնվել, կկայացվեն դրանք հաղթահարելու համապատասխան որոշումներ»,-նշեց Շահբեկյանը:

 

Նրա խոսքով՝ այս պահին անհրաժեշտ է կուտակել աշխատավարձի 5 տոկոսը, որպեսզի հետագայում հնարավոր լինի թոշակ ստանալ ոչ թե երկրում գործող միջին թոշակի համադրությամբ, այլ սեփական, անձնական կենսաթոշակի համադրությամբ: «Ես ցանկանում եմ բոլորին հավաստիացնել, որ սա պահում չէ: Այդ գումարները քաղաքացիները որպես հարկ չեն վճարում: Դա ձեր սեփական գումարն է, որի վրա կառավարությունն էլ իր հերթին է գումար ավելացնելու»,- նշեց նա:

 

Շահբեկյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ կենսաթոշակային բարեփոխման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում երկրում երկար փողեր ստեղծել, որոնք կօգտագործվեն երկրի տնտեսության զարգացման համար:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի որոշ հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում: Օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: