ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորում է կուտակային կենսաթոշակների մասին նոր նախագծի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը: Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում' կուտակային կենսաթոշակների նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: «Ես ափսոսում եմ, որ մենք հնարավորություն չունեցանք ավելի շատ հանրային քննարկումներ անցկացնելու, որովհետև հնչող տեսակետները կրում են ավելի շատ հայեցողական բնույթ և խնդրի էության հետ շատ դեպքերում կապ չեն ունենում: Մյուս կողմից, մենք իսկապես խնդիր ունենք ավելի մանրամասն և ավելի լիարժեք տեղեկատվություն տալու և այդ առումով ունենք առարկայական ծրագիր առաջիկայում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե նոր օրենքով' քանի մարդ կմասնակցի համակարգին՝ Արտեմ Ասատրյանը նշեց, որ նրանք կլինեն պետական հատվածում աշխատող անձինք՝ շուրջ 65 հազար մարդ, ովքեր իրավունք չեն ունենա հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց: «Իսկ թե ինչպիսի մասնակցություն կլինի ոչ պետական հատվածում, դա արդեն մեր կատարելիք աշխատանքների, պարզաբանումների, քաղաքացիների մոտեցումների հետ է կապված, և այս պահին ճշգրիտ տվյալներ չենք կարող ունենալ»,- ասաց Ասատրյանը:
Պատգամավորի հարցին, թե կառավարությունը նոր նախագիծը մշակելիս, որքանով է հաշվի առել քառյակի և «Դեմ եմ» շարժման առաջարկները, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ իրենք ուսումնասիրել են թե' ստացած, թե' հնչած բոլոր առաջարկները: «Պետք է ասեմ, որ այդ առաջարկներն էլ միմյանց հակասող են եղել: Մասնավորապես, վերջերս քաղաքացիական շարժման կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնցից մեկն այն էր, որ կուտակային համակարգը պետք է լինի կամավոր, երկրորդն այն էր, որ տնօրինվող եկամուտը չպետք է նվազի: Այսինքն, եթե մենք նայում ենք այս առաջարկների բովանդակությանը, հասկանալի է, որ եթե անձը ցանկանում է կամավոր մասնակցել համակարգին, դա իր որոշումն է, և իր աշխատավարձից կատարվող հատկացման հաշվին ապահովում է իր լրացուցիչ կենսաթոշակաին ապահովությունը»,- ընդգծեց նախարարը:
Այնուամենայնիվ, Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք այս ընթացքում հնչել են, նոր օրենսդրական փաթեթով լուծում են ստացել: «Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա պետք է ասեմ, որ այս ընթացքում վարչապետի մոտ տեղի են ունեցել քննարկումներ քաղաքական ուժերի հետ և այդ շրջանակներում գոնե հնարավորություններ եղել են դիրքորոշումներ ճշգրտելու, սակայն օրենասրական փաթեթի վերաբերյալ ես արդեն ասացի, որ մենք ժամանակի առումով հնարավորություն չենք ունեցել առավել լայն քննարկումներ ծավալելու, սակայն կարծում եմ, որ մենք հիմա դրա հնարավորությունն ունենք»,- եզրափակեց նախարարը: