«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծով բազմաթիվ վիճահարույց հարցեր մնում են օդի մեջ կախված: Այս մասին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ներկայացված նախագիծը բազմաթիվ հարցեր անպատասխան է թողնում և չի լուծում այն խնդիրները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք»,- ասաց Մինասյանը:

 

Նա ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո իրարամերժ ներկայացումներ տեղի ունեցան, ինչը կապված էր տարժամկետման մասին ՍԴ որոշման հետ, ըստ որի' կառավարությանն ու Ազգային ժողովին մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: «Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջության մեջ դիտարկելով՝ մենք պնդում ենք, որ պարտադիր վճարները չեն կարող պարտադրվել քաղաքացիներին, ինչպես նաև պետք է վերահաշվարկվեն և վերադարձվեն այն գումարները, որոնք մինչ այս պահը պահվել են քաղաքացիներից»,- նշեց Մինասյանը: