Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները մասնակի փոխհատուցելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մաս ին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերջին շրջանում պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները այցելել են սահմանամերձ համայնքներ, որտեղ բնակիչներին խոստումներ են տվել, և կառավարությունը, ներկայացնելով այս նախագիծը, արդարացնում է սահմանամերձ համայնքների բնակիչների սպասումները, որոնք ձևավորվել են այդ այցերից հետո:
«Այս առումով ես ողջունում եմ այս նախաձենռությունը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը այս օրենքի նախագիծը ներկայացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Դիմելով կառավարությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ խորհրդարանի ամբիոնից ցանկացած առաջարկ կամ քննադատություն ուղղված է լինելու նրան, որպեսզի ներկայացված նախագիծն ավելի բարելավվի: «Սա այն նախագծերից է, որ կարող է միասնականության շատ լավ խորհրդանիշ լինել»,- ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է նաև սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նկատելով, որ ճիշտ կլիներ, եթե այս երկու նախագծերը միավորվեին մեկ միասնական փաթեթի մեջ, քանի որ խոսքը տարբեր համայնքների մասին չէ:
«Կարևոր է, որ այս երկու նախագծերը լինեն մեկ միասնական փաթեթի մեջ: Սա մի կողմից հնարավորություն կտար նպատակային դարձնել մեր գործողությունները, մեր ծրագրերը, մյուս կողմից հնարավորություն կտա նաև խորհրդարանին' տարվա մեջ առնվազն երկու անգամ անդրադառնալ այս խնդրին: Ես առաջարկում եմ, որ կառավարությունն այս օրենքի նախագծի մեջ նաև ամրագրի, որ նշված ծրագրի վերաբերյալ կառավարությունը տարվա մեջ երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին:
Սա հնարավորություն կտա, որպեսզի խորհրդարանը ոչ միայն քվեարկի և անցկացնի օրենքի նախագիծը, այլև ներգրավված լինի դրա կատարման գործընթացում»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:
Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները: