Հայաստանն արտաքին քաղաքականությունն առաջ տանելու ճիշտ մոտեցում է որդեգրել՝ չբացառելով Եվրամիության հետ համագործակցության խորացումը:

 

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

«Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ եվրոպական առաջատար երկրների կողմից Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ ըմբռնում կա: Չպետք է տրվել սադրիչ և ոչ հայանպաստ հայտարարություններին, որոնք շատ հաճախ արվում են հատկապես ադրբեջանամետ և թուրքամետ շրջանակների կողմից, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և չի կարող շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ: Պետք է անտեսել նման հայտարարությունները և զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:

 

Պատգամավորը քիչ հավանական է համարում Ռիգայի գագաթնաժոքղովի ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրումը: «Բայց հարկավոր է զարգացնել հարաբերությունները, փորձել կյանքի կոչել այն հայտարարությունները, որ ժամանակին արվում էին, թե Հայաստանի Նախագահի, թե եվրոպական առաջատար երկրների կողմից, ինչպիսին Գերմանիան է, որ հարկավոր է զարգացնել հարաբերությունները: Այս ուղղությամբ հստակ քայլեր պետք է իրականացվեն»,- եզրափակեց Մինասյանը: