Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԵՄ-ին կոչէ անում օգտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից և երկխոսություն սկսել ԵՏՄ անդամ այլ երկրների հետ: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում Արծվիկ Մինասյանը ողջունեց, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում Արևելյան քաղաքականության շրջանակում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը:

 

Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել այս առիթից և Հայաստանի միջոցով սկսել երկխոսություն նաև ԵՏՄ այլ երկրների հետ: Կարևոր է, որ Հայաստանում ընթացող մի շարք ոլորտային բարեփոխումներում ուղղակի ներգրավվածություն լինի, դա վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը, արդարադատության համակարգին, պետական կառավարման համակարգերին:»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արծվիկ Մինասյանը:

 

 

Պատգամավորն ընդգծեց, որ տնտեսական շրջափակումները, ինչպես ցույց է տալիս Հայաստանի օրինակը, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Հարկավոր է գտնել երկխոսություն և այդ շրջանակում աջակցություն ցուցաբերել ամբողջ ծավալով: Մինասյանի համզոզմամբ՝ Հայաստանը իսկապես կարող է դառնալ ժողովրդավարության այն լավ մոդելը, օրինակը, որը կստիպի ԵՏՄ երկրներին այս ճանապարհը որդեգրել: