Կուտակային կենսաթոշեկների մասին օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը մեկ քայլ առաջ է այն կեցվածքից, որ ցուցաբերում էր նախորդ կառավարությունը, սակայն ամբողջովին չի լուծում առկա խնդիրները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց նախագծին: «Փոփոխության նախագիծը, որ ներկայացված էր, նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը վերածվում է կամավորի, կամ քաղաքացու կամահայտնությունն է հիմքում դրվում: Առավոտյան, նիստից առաջ խմբակցությունում խորհրդակցություն ենք անցկացրել և որոշել ձեռնպահ քվեարկել»,- ասաց Մինասյանը:

 

Նա ընդգծեց, որ իրենք սերտորեն աշխատում են կառավարության հետ, որպեսզի ամբողջական օրենքը վերանայվի, և շատ կարևոր է, որ միջավայրը, որ ստեղծված է այս ամենի շուրջ, վստահություն ներշնչի առ այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կատարվի ամբողջությամբ, քանզի ՍԴ որոշմամբ պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրենսդրական դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր: «Եվ որպեսզի հետագայում այս մոտեցումը կարողանանք ամրագրել, անհրաժեշտ է, որ մենք բավարար վստահություն ունենանք կառավարության հետագա գործունեության նկատմամբ»,- նշեց Մինասյանը:

 

Պատգամավորի խոսքով՝ ըստ նախագծի' հասկանալի չէ, թե ինչ է լինելու այն գումարների հետ, որ այս ընթացքում փոխանցվել են կենսաթոշակային ֆոնդերին: