Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է կասեցնել պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերն ու տուգանքները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք կասեցնում ենք տույժերը և կրկնում եմ, «դե ֆակտո» կասեցվում է նաև պարտադիր բաղադրիչը: Ես իմ ուղերձի մեջ հստակ ամեն ինչ ձևակերպել և շարադրել եմ և կարծո ւմ եմ, որ բոլորը դա հասկացել են, իսկ նրանք, ովքեր չեն ուզում հասկանալ, եթե գրեք, որ պարտադիրը վերացել է, նրանք միևնույնն է՝ չեն հասկանա»,-ասաց Աբրահամյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե պահումները շարունակվում են, Աբրահամյանն ասաց, որ ապրիլի 28-ին ԱԺ-ին ներկայացվելիք նախագծում ամեն ինչ հստակ է լինելու, պահումները չեն շարունակվելու: «Եթե երկուշաբթի մեր նախագիծը տեսնեք, կհամոզվեք, որ նման բան չկա»,- ասաց նա:

 

Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը, որը ՀՀ կառավարությունը հաստատել էր ապրիլի 23-ի նիստի ժամանակ: Նախագծով առաջարկվում է գործատուին ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ու շացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից: Նախագծով մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: