Ազգային ժողովը սկսեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ, իսկ բովանդակությունը նույնն է մնացել:

 

«Մենք առաջարկվող նախագծով կասեցնում ենք տույժերի վերահաշվարկը պարտադիր վճարները չկատարելու դեպքում, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս կամավոր որոշում կայացնել՝ մասնակցել կամ չմասնակցել կուտակային համակարգին»,- ասաց Ասատրյանը:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին' շահագրգիռ քննարկումների և առաջարկների համար՝ ընդգծելով, որ ներկայացված նախագծում ընդգրկվել են քաղաքական ուժերի առաջարկների մեծ մասը:

 

Հիշեցենք, որ Ազգային ժողովը մայիսի 13-ին ձայների 67 կողմ, 12 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: