Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որով գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում ազատվում են տույժերից և տուգանքներից: Նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ 12՝ ձեռնպահ՝ 36 պատգամավոր:
Քվեարկության մեկնարկից առաջ վարման կարգի վերաբերյալ եկույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ կառավարության կողմից ներկայացված նախագիծը կարելի է դրական քայլ համարել, սակայն հարցեր կան, որ ԲՀԿ խմբակցության համար բաց են մնում: «Մենք չենք կարող կողմ քվեարկել այս նախագծին, սակայն նաև դեմ չենք քվեարկի: Մենք ձեռնպահ կքվեարկենք, սակայն եթե քառյակի կողմից սեփական նախագծով արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնություն լինի, ԲՀԿ-ն կմիանա այդ նախաձեռնությանը»,- ասաց Զոհրաբյանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը նույնպես ձեռնպահ կքվեարկի՝ հաշվի առնելով, որ կառավարության նախագիծը քայլ առաջ է, որին իրենք չեն կարող դեմ լինել: Միևնույն ժամանակ Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենք օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ռեժիմում կներկայացնեն սեփական առաջարկները:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կառավարության նախագիծը դրական քայլ պետք է համարել, որին իրենք դեմ չեն կարող լինել: Սակայն Մինասյանն ընդգծեց, որ այդ նախագծով չեն ընդունվել իրենց բոլոր առաջարկները, մասնավորապես պարտադիրը շարունակում է գործել, ուստի իրենք որոշել են ձեռնպահ քվեարկել՝ պատրաստ լինելով մասնակցել հետագա քննարկումներին և առաջարկներ ներկայացնել: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք այս քայլով օգնում են, որպեսզի կառավարության առաջ քայլն իրականություն դառնա, որից հետո արդեն իրենք համատեղ կաշխատեն իրական կենսաթոշակային բարեփոխումների վրա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատեց նախօրեին արված հայտարարությունը, ըստ որի ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու նախագծին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ պարտադիր բաղադրիչը շարունակում է գործել՝ տեղեկացնելով, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կառավարությունն ընկալելի նախագիծ է ներկայացրել հասարակության և քաղաքական ուժերի համար՝ տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին: