Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 18, ձեռնպահ 29 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը, ով նշեց, որ իրենք նախագծի վերաբերյալ առաջարկ են ներկայացրել, ըստ որի' կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցել չցանկացող քաղաքացիներն ուղղակի դիմում չգրեն և այդպիսով հրաժարվեն մասնակցությունից, որը չի ընդունվել կառավարության կողմից: «Հաշվի առնելով, որ մեր առաջարկը չի ընդունվել՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՕԵԿ-ը դեմ կքվեարկի նախագծին»,- ասաց Մարգարյանը:
Այսուհետ գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում կազատվեն տույժերից և տուգանքներից: Միաժամանակ, քաղաքացիները կարող են կամավոր հրաժարվել կուտակային կենսաթոշակային մասնակցելու պարտավորությունից՝ գործատուին դիմում գրելու եղանակով: Այն քաղաքացիները, որոնց պարտադիր վճարները պահվել են, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել, գործատուին դիմում գրելու եղանակով կարող են հետ ստանալ իրենց գումարները: