Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստի երկրորդ օրը: Նիստի մեկնարկին ԱԺ-ում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: ԱԺ-ն մայիսի 12-ի նիստում արդեն ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը:

 

Նախագծի նկատմամբ ոչ իշխանական քառյակից իր դրական վերաբերմունքն է արտահայտել ՀՅԴ խմբակցությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կառավարությունը, թեև ամբողջապես չի ընդունել քառյակի ներկայացրած առաջարկները, սակայն նման նախագծի ներկայացնելը դրական քայլ է կառավարության կողմից՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ն չի կարող դեմ քվեարկել նման օրինագծին:

 

ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

 

ԲՀԿ-ն կողմ կլինի նախագծին, եթե կառավարությունն ավելի հստակ պատասխանի խմբակցության համար բաց մնացած մի շարք հարցերի, որոնք վերաբերում են պետբյուջե, ինչպես նաև ֆոնդերին փոխանցված գումարների հետագա ճակատագրին: «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

 

Խորհրդարանն ավարտել է նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը, որը նույնպես կդրվի քվեարկության:

 

Մայիսի 13-ի նիստում ԱԺ-ն կշարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկումը:

 

ԱԺ արտահերթ նիստը գումարվել է ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ: