Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարությունից և իշխող մեծամասնությունից հստակ գնահատական է ակնկալում պարտադիր կուտակայինի վերաբերյալ։ ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք մի քանի խնդիրներ ենք տեսնում ներկայացված նախագծի մեջ, որոնց պատասխանները անպատասխան են մնում»,-ասաց Մելքումյանը:

 

Միքայել Մելքումյանը նշեց, որ նախ անհասկանալի է, թե ինչպես են աշխատելու կուտակային կենսաթոշակային ֆոնդերը, քանի որ նախագծով քաղաքացիները կարող են հրաժարվել համակարգին մասնակցությունից: «127 հազար մարդու կատարած փոխանցումները ի՞նչ են լինելու։ Սրա մասին էլ հստակ պետք է ասվի»,- ասաց պատգամավորը։

 

Միքայել Մելքումյանը դրական է գնահատում, որ նոր ձևավորված կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, բայց և ընդգծել է՝ այդ աշխատելը զուտ տեխնիկական բնույթ պետք է չկրի։

 

ԲՀԿ–ի քվեարկությունն էլ պայմանավորված կլինի նրանից, թե իր հարցադրումների վերաբերյալ ինչ մոտեցում կունենա քաղաքական մեծամասնությունը:

 

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում դիմում գրելու եղանակով չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին: Ավելի վաղ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր կասեցնել պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը, ինչը չէր բավարարել ոչ իշխանական ուժերին, որոնք ներկայացրել էին իրենց սեփական նախագիծը՝ առաջարկելով ամբողջությամբ հանել պարտադիր բաղադրիչը: ԱԺ-ն արդեն ավարտել է հարցի քննարկումը, իսկ քվեարկությունը կկազմակերպվի մայիսի 13-ի նիստում: