Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի ընդունումից հետո քաղաքացիները հնարավորություն կստանան դիմում գրելու միջոցով ազատվել կուտակային պարտադիր վճարները կատարելու պարտավորությունից: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննա րկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Նախագծի ընդունումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան կամավորության սկզբունքով մասնակցել կամ չմասնակցել կուտակային համակարգին»,-ասաց Մինասյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագծի ընդունումից հետո կկասեցվի նաև տույժերի հաշվարկը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում, ինչը գործատուներին հնարավորություն կտա չկատարել կուտակային վճարները և չտուգանվել: «Իհարկե, կառավարությունն ամբողջությամբ չի ընդունել ոչ իշխանական ուժերի առաջարկները, սակայն նախագիծը, որը ներկայացվել է մեր քննարկմանը, կարելի է դրական քայլ համարել, և մենք չենք կարող դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները նախագծի ընդունումից հետո որևէ պարտավորություն չեն ունենա և իրենք պետք է որոշեն մասնակցել համակարգին, թե ոչ:
Այնուհետև ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իրենք չեն վստահում կառավարության ներկայացրած նախագծին և դեմ են քվեարկելու: Զուրաբյանն ընդգծեց, որ գործատուին դիմում գրելու գործիքից, որն առաջարկվում է կառավարության ներկայացրած նախագծում, կօգտվի միայն քաղաքացիների ակտիվ մասը, իսկ պասիվ մեծամասնությունը շարունակելու է մասնակցել համակարգին, ուստի չի կարող կառավարության ներկայացրած նախագիծն իրենց բավարարել, քանի դեռ հանված չէ պարտադիր բաղադրիչը:
ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում դիմում գրելու եղանակով չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին: Ավելի վաղ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր կասեցնել պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը, ինչը չէր բավարարել ոչ իշխանական ուժերին, որոնք ներկայացրել էին իրենց սեփական նախագիծը՝ առաջարկելով ամբողջությամբ հանել պարտա դիր բաղադրիչը: