Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը հունիսի 17-ին խմբակցության նիստ կանցկացնի, որը կղեկավարի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Նիստը տեղի կունենա Ազգային ժողովում, ժամը 16:30-ին: Այն կվարի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,-ասաց նա:

 

Հունիսի 16-ին Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը հերթական նիստն անցկացրեց, որի ժամանակ քննարկվեց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած փաթեթը: Քառյակի երեք ուժեր այդ փաստաթղթի վերաբերյալ միասնական դիրքորոշում են հայտնել՝ նրանք դեմ են փոփոխությունների այդ տարբերակին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին կհայտնի խմբակցության նիստից հետո: