Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը «քառյակի» հետ հանդիպմանը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների հարցը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նշեց, որ ինքը տեղյակ էր, որ «քառյակը» հավաքվել է և քննարկում է նաև կուտակային կենսաթոշակների մասին օրենքը և որոշել է միանալ այդ քննարկմանը: «Մեզ նախագիծ է տրամադրվել, հիմա կվերադառնանք կառավարություն և կքքնարկենք այն»,-ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իր մյուս հանդիպումը լրագրողների հետ տեղի կունենա կառավարության ձևավորումից հետո:

 

Հովիկ Աբրահամյանը խնդրեց իրեն ժամանակ տալ, երբ կկազմավորվի կառավարությունը, ինքը կհանդիպի լրագրողնրերի հետ և կպատասխանի բոլոր հարցերին: Հարցին, թե այսօր Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որում հստակ չէ՝ մարդիկ շարունակելո՞ւ են կատարել կուտակային վճարները, թե ոչ, վարչապետը խնդրեց իրեն չներքաշել որևէ թեմայի քննարկման մեջ:

 

Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի քննարկմանը հայտնվել է անակնկալ: Նա խորհրդարան է եկել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից խմբակցույան ղեկավար Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը: