Քարդաշյանների այցի թոհուբոհի մեջ ամեն ինչ Հայաստանում մղվեց երկրորդ պլան: Միգուցե այդպես էլ պետք է լիներ՝ Հայաստանում մեգաաստղեր էին գտնվում ու փոքր երկրի համար դա փոքր ճոխություն չէր:
Այս այցը, սակայն, ցույց տվեց նաև իրական իրավիճակը Հայաստանի վերնախավում և այն, թե օրինակ ինչ աննախանձելի վիճակում է գտնվում, օրինակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Քիմին պետական մակարդակով ընդունելու խնդիրն ամենավտանգավորն էր պաշտոնյաների համար, որովհետև կարող էր տարաբնույթ բացասական արձագանքների հանգեցնել: Այդ առումով առավել շահեկան եղավ Սերժ Սարգսյանի վիճակը, ով այդ օրերին մեկնեց Վատիկան՝ մասնակցելու հայտնի իրադարձություններին:
Տրամաբանությունը հուշում էր, որ այս դեպքում Քարդաշյաններին պետք է ընդուներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. Հայաստանում ԱԺ նախագահը նման դեպքերում ամենաարարողակարգային ֆիգուրն է ու չնայած այն հանգամանքին, որ երկրորդ դեմքն է՝ իրականում լուրջ լծակներ չունի ու ավելի շատ ներգրավված է Սփյուռքի ու արտաքին քաղաքական հարցերում: Սակայն Սահակյանին այդ փորձությանը չենթարկեցին ու հրահանգեցին, որ հենց Հովիկ Աբրահամյանը վերցնի այդ պատասխանատվությունը:
Ինչո՞ւ. որովհետև վերջին տարիներին Աբրահամյանին հենց դրա համար էլ պահում են, որ ցանկացած իրավիճակում նետեն աղմկոտ իրադարձությունների կենտրոն ու ազատվեն գլխացավանքից: Հ. Աբրահամյանը կարողանում է այդ ամբողջ թուքումուրն ուտել առանց տրտնջալու: Շատերը վաղուց հեռացած կլինեին այդ անպատվաբեր բեռից, բայց վարչապետը լուռ շարունակում է կրել «բոքսի տանձիկի» դերը, երբ ցանկացած դեպքում իրեն են ոտքի տակ գցելու:
Այդպես էլ եղավ, և վարչապետը բարձր պրոֆեսիոնալիզմով կերավ հերթական թուքումուրն ու շարունակեց գոհ ու կուշտ պաշտոնավարել:
Կարևորը՝ դիզած միլիոններն ապահով լինեն:
Շուշան Մարտիրոսյան