ՀՀ Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը:
Կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրել էր Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նանուշյանը նշել էր, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագիծը չընդունվեց 45 «կողմ», 46 «դեմ» և 10 «ձեռնպահ» ձայներով: