Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հարկադիր կատարողի կողմից նշանակված տուգանքները կարող են գանձվել միայն դատական վճռով:

 

Oրենքի նախագծի հեղինակը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էր, ով նշեց, որ նախագիծը ներկայացրել է, քանի որ իրենց չի բավարարում կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի' հարկադիր կատարողը կարող է մինչև 200 հազար դրամ տուգանքը գանձել առանց դատարանի վճռի և միայն 200 հազար դրամն անցնելու դեպքում գանձումը պետք է կատարվի դատական վճռով: «Երբ ես ներկայացրել էի նախագիծը, ինձ խնդրեցին այն քառօրյա նիստերի օրակարգ չընդգրկել, քննարկել հարցը կառավարության հետ և համադրել գաղափարները: Հիմա կառավարությունը բերել է մի նախագիծ, որով կրկին հարկադիր կատարողին առանց դատական վճռի բռնագանձում իրականացնելու հնարավորություն է տալիս: Սա մեզ չի բավարարում, դրա համար եմ կրկին ներկայացրել այս նախագիծը և պատգամավորներին կոչ եմ անում կողմ քվեարկել և ընդգրկել այն քառօրյա նիստերի օրակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտպանեց ներկայացված նախագիծը՝ նկատելով, որ խնդիրն իսկապես հրատապ է և լուծման կարիք ունի: «Մեր քաղաքացիները մեզ ընտրել են, որպեսզի մենք այստեղ իրենց շահերը պաշտպանենք: Հիմա մենք պարտավոր ենք լուծում տալ այս խնդրին, որովհետև դժգոհությունները բազմաթիվ են»,- նշեց Ուրիխանյանը:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է, սակայն նախագիծը «փնթի» է և լրամշակման կարիք ունի: ՀՅԴ պատգամավորը նշեց, որ նախագծում իրավական կարգավորումներ ներկայացված չեն, հիմնավորումները համոզիչ չեն: «Կողմ լինելով գաղափարին՝ կարծում եմ, որ նախագիծը «ճենճոտ և փնթի» է, լրամշակման կարիք ունի»,- նշեց նա:

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը չի կարող կողմ քվեարկել նախագծին ներկայիս տեսքով: Նա նույնպես նկատեց, որ նախագիծը լիարժեք չէ, իսկ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նոր նախագիծ, որով լուծում կտրվի առկա խնդիրներին:

 

Ներկայացված նախագիծը ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը դրվեց քվեարկության: Հանձնաժողովների անդամների ձայները կիսվեցին. որոշմանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 5 պատգամավոր: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ձայների հավասարության դեպքում որոշումը չի ընդունվում: