Ղարաբաղյան հարցը ոլորուն ճանապարհ է, սակայն այս հարցում քայլ առ քայլ կարելի է հասնել խաղաղության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն' NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

Ըստ նրա' խաղաղություն կառուցելու ճանապարհը շատ բարդ գործընթաց է' կախված մի շարք գործոններից, որոնք հնարավոր չէ հսկել միաժամանակ: «Մեկ ռումբը կարող է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը»,- ասել է թուրք նախարարը:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից 1915 թվականին զոհված հայերի հարազատներին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 24-ի նախօրեին ցավակցելը չպետք է որպես թուլություն ընկալվի։ Նախարարը նշել է, որ Էրդողանի ցավակցական ուղերձը պետք է դառնա որպես աղբյուր նրանց համար, ովքեր փորձում են վերլուծել 1915 թվականի դեպքերը: «Միգուցե մենք հայերի կողմից չստացանք ցանկալի արձագանք' վարչապետի ցավակցությունից հետո, բայց դա չի նշանակում, որ Անկարան մտադիր է հրաժարվել ցավակցություններից, քանի որ մեզ համար մարդկային գործոնն այս հարցում շատ ավելի կարևոր է: Բացի այդ, կարևոր է նաև երրորդ անձանց արձագանքը, ովքեր ստիպված են վերանայել իրենց դիրքորոշումներն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություենների հետ կապված»,-ասել է Դավութօղլուն:

 

Նա հույս է հայտնել, որ Էրդողանի հայտարարությունը կփոխի հայերի կարծիքը Թուրքիայի նկատմամբ, իսկ աշխարհի արձագանքն Էրդողանի ցավակցական հայտարարությանն ապացուցեց, որ Անկարան հասել է իր նպատակին:

 

«Այժմ մենք իրավունք ունենք հարցնելու հայերին, թե արդյո՞ք նրանք ցավակցություններ կհայտնեն Թուրքիային՝ սպանված թուրք դիվանագետների համար (Դավութօղլուն նկատի ունի ԱՍԱԼԱ-ի իրականացրած ահաբեկչական գործունողությունները' հանուն հայրենիքի և վրեժխնդրության-խմբ.): Մենք ակնկալում ենք նման քայլ»,-շարունակել է Դավութօղլուն:

 

Նա նաև նշել է, որ միջազգային արձագանքն Էրդողանի ուղերձին ցույց տվեց, որ Թուրքիան հասավ իր նպատակին. «Ոչ ոք չէր սպասում Անկարայից նման քայլ, չնայած առաջին «ազդանշանները» գրանցվել էին դեռ 2005 թվականին: Քաղաքականության մեջ փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե փոխվի մարդկանց աշխարհայացքը: Էրդողանի հայտարարությունն ուղղված էր հենց դրան»,-ասել է նախարարը: