Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ինչպես ցանկացած այլ քաղաքական գործիչ, ունի իր վերաբերմունքը ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: «Ցանկացած քաղաքական գործիչ իր գնահատականները կարող է հնչեցնել քաղաքական զարգացումների վերաբերյալ, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել Հանրապետական կուսակցության տեսակետների հետ»,- նշեց Մինասյանը:

 

Պատգամավորն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներն ավելի շատ համընկնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետների հետ: «Եթե դուք ուշադիր էիք, ապա սահմանադրական բարեփոխումների մասին լրատվության տարածումից հետո այդ հայեցակարգի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը բառացիորեն կրկնում էր այն ձևակերպումները, որ տվեց երկրորդ նախագահը իր հայտնի հարցազրույցում»,- ընդգծեց պատգամավորը: