Ինչպես հայտնում է РБК-ն, Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում սկսվել է հակաահաբեկչական գործողության երկրորդ փուլը, որի արդյունքում երկրի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել զորքերով շրջափակել քաղաքը։ Այս մասին հայտարարել են նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին:

 

«Մեր հատուկ ուժայինները սկսել են հակաահաբեկչական գործողության երկրորդ փուլը, որի նպատակը Սլավյանսկում ահաբեկիչների շրջափակումն է և խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալը»,- ասել է Պաշինսկին:

 

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է երկրի արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունները վերսկսելու մասին: Տուրչինովը երկրի արևելյան շրջաններում տիրող իրավիճակի համար հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը: