Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա' ապրիլի 24-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառման մասնակից Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն' անցյալ դարասկզբին հայ ժողովրդի հետ պատահածը ցեղասպանություն է: Ինչպես հաղորդում է թուրքական shanliurfa.com լրատվական կայքը Դիարբեքիրի Սուր թաղամասի Անզելե զբոսայգում «Համատեղ խղճի հուշարձան»-ի մոտ անցկացված միջոցառմանը մասնակցել են թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավոր Ալթան Թանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, Դիարբեքիրի փաստաբաննների միության անդամները, Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության ներկայացուցիչներ, ասորիներ եւ ինքնությունը վերաճանաչած բազմաթիվ հայեր:

 

«Մեր պահանջը հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության պաշտոնապես ճանաչումն է եւ ցեղասպանվածների համար արդարության վերականգնումը: Մենք այսօր այստեղ հարգանքով հիշատակում ենք ցեղասպանության եւ գաղթի ժամանակ կյանքը կորցրած բոլոր անմեղ հայերին: Նման ցեղասպանության ենթարկվեց նաեւ այս հողերում բնակվող ասորի ժողովուրդը: Մենք կիսում ենք նաեւ մեր ասորի եղբայր ժողովրդի ցավը», -ասել է թուրք փաստաբանը: