Եթե մենք ցանկանում ենք երկրում համակարգային փոփոխություններ իրականացնել, ապա պետք է գնանք սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի շամանակ նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: «Ինձ համար բավականին զարմանալի են այն քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք նախագահական ընտրություններին ընդառաջ հայտարարում էին հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության և խորհրդարանական համակարգին անցնելու մասին, իսկ հիմա հայտարարում են, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա»,- ասաց Շարմազանովը:
Նա առաջարկեց հարց ուղղել այդ քաղաքական ուժերին, թե նախագահական ընտրություններից ի վեր Հայաստանում ինչ է փոխվել համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասով, որ ընտրություններից առաջ կուրծք էին ծեծում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու համար, իսկ այսօր ասում են, թե դրա անհրաժեշտությունը չկա: