Հայաստանի կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում իրականացնելու է լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարարությունում նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ունեն ք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքված պրոֆեսիոնալ թիմի հետ նորանշանակ նախարարին կհաջողվի իր առջև դրված խնդիրներն իրականացնել: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար:

 

Իր հերթին, Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին՝ վստահության, և վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար: «Մենք մշտապես աշխատել ենք որպես մեկ թիմ, և ես միշտ պատրաստ եմ այդ թիմի շրջանակներում շարունակել աշխատել»,- ասաց Սարգսյանը՝ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Ի պատասխան Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը նրան «հեռու չի թողնի գնալ»:

 

Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և վարչապետին՝ բարձր վստահության համար: Նրա խոսքով՝ համակարգում աշխատողները լավ գիտակցում են այս կառույցի բարդությունները, ուստի Խաչատրյանը հույս հայտնեց, որ հուսախաբ չեն անի և իրենց առջև դրված խնդիրները կլուծեն, իսկ նախատեսվող բարեփոխումները՝ կիրականացվեն:

 

Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այսօր առկա մարտահրավերները միասին հաղթահարվելու են: «Գիտակցումով ենք ստանձնել այս ծանր պաշտոնը՝ հասկանալով, որ մեր թիմն ունակ է ստեղծված վիճակը կարգավորել: Բոլորի լուրջ մոտեցումները կօգնեն առկա խնդիրների լուծմանը»,- ասաց վարչապետը:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' ապրիլի 26-ի հրամանագրով' Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: