Այսօր' ապրիլի 28-ին, Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստի աշխատանքները:
Նիստի ընթացքում շարունակվեցին «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկումները, որով առաջարկվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում Սևանից բաց թողնել լրացուցիչ 350մլն խորանարդ մետր ջուր:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.
«Ինչու է կառավարությունը հանդես գալիս նման առաջարկով, որովհետև, պարզվում է' Արարատյան դաշտի արտեզյան ջրերի օգտագործելիության մակերեսը կրճատվել է ավելի քան 67%-ով: Ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թույլտվությամբ, երբեմն նաև առանց կառավարության թույլտվության, բայց կառավարության թողտվությամբ, անվերահսկելի կերպով ջրի խորքային հորեր են բացել, այդ հորերից ջրերը լցրել են իրենց ամբարները, այդ ջրամբարներում ձուկ են աճեցրել, շահույթ են ստացել իսկ ջուրը թափել են դրեժենային համակարգերը, ջուրը հոսել է գետերը ու գնացել: Այսինքն ստացվում է, տեղի է ունեցել քաղաքականություն, որ ջուրը արտեզային ջրամբարներից հանվել է և լցվել Կասպից ծովը:
Այս ամեենի հետևանքով Արարատյան դաշտավայրում 8 հազար հողատարածություն հայտնվել է անջրդի մնալու վտանգի առաջ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը և դիմեց պատգամավոր Վարդան Այվազյանին. «Պարոն Այվազյանն ասում է՝ գյուղացին ջուր չունի, դուք եք վերցրել լցրել, ստեղ-ընդեղ ձուկ արտադրել, շահույթ ստացել, ո՞վ ա մեղավոր, որ չունի ջուր, դուք եք մեղավոր»:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում' հղում կատարելով մամուլում հրապարակված տեղեկություններին, նշեց, որ ձկնաբուծության ոլորտում շատ լուրջ ազդեցություն ունեն մի շարք հայտնի դեմքեր, և պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու է կառավարությունը գնացել ձկնարդյունաբերողների քմահաճույքով: