Հայաստանի երբեմնի հսկա գործարաններից մեկի՝ «Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ գործարանի վերագործարկման պահանջով: Գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վաղը՝ փետրվարի 18-ին ժամը 11:00-ին, հավաքվելու են Ազգային ժողովի մոտ. նպատակը «Նաիրիտի» հարցով զբաղվող ԱԺ հանձնաժողովին իր պարտականությունների մասին հիշեցնելն է: Նշենք, որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն է։

 

«Մենք չգիտենք՝ հանձնաժողովի նիստ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Մենք հավաքվում ենք, որպեսզի հիշեցնենք, որ հանձնաժողովը ևս պետք է զբաղվի գործարանի վերագործարկման հարցերով: Մինչ այս պահը հանձնաժողովի հետ կապված որևէ առաջընթաց չկա։ Ամբողջ խնդիրը դա է։ Հանձնաժողովը որևէ նորություն մեզ չի ասում, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Դրա համար էլ գնում ենք, որ ասենք՝ ի՞նչ եք քնել»,- ավելացրեց Անուշ Հարությունյանը։

 

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները տևական ժամանակ համառ պայքարի շնորհիվ կարողացան հասնել նրան, որ կառավարությունը վճարի իրենց աշխատավարձերը: Իսկ հիմա հերթը գործարանի վերագործարկմանն է հասել, ինչի հույսը «Նաիրիտի» թե՛ ներկա, թե՛ նախկին աշխատակիցները չեն կորցնում: